Առավոտյան ընդհանուր պարապմունք․ հունվարի 24

Առավոտյան ընդհանուր պարապմունք․

հունվարի 24

Օրվա խորհուրդ

Հունվարի 24, տարվա 24-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 341 օր։

Դեպքեր

  • 1862 — Բուխարեստը հայտարարվում է Ռումինիայի մայրաքաղաք
  • 1933՝ շահագործման հանձնվեց Երևանի ծխախոտի ֆաբրիկան

Ծնունդներ

Պիեռ Բոմարշե՝ հունվարի 24, 1732-  1799, մայիսի 18։  Ֆրանսիացի նշանավոր թատերգակ և հրապարակախոս, 18-րդ դարի ֆրանսիական ռեալիստական կատակերգությունների հեղինակ։ Առավել հայտնի է «Սևիլյան սափրիչ»-ը  և «Ֆիգարոյի ամուսնությունը» կատակերգություններով, որոնց սյուժեները հիմք են ծառայել համապատասխանաբար Ռոսսինիի և Մոցարտի համանուն օպերաների համար։

Պիեռ Օգյուստեն Կարոն դե Բոմարշեն  ժամագործ Անդրե Շառլ Կարոնի որդին է, նա սկզբում գնացել է իր հոր հետքերով, բայց միևնույն ժամանակ հաճախել է երաժշտության դասերի։ Երաժշտական տաղանդը և հռետորական ձիրքը երիտասարդ Կարոնի առաջ դուռ են բացել դեպի բարձր հասարակություն, որտեղ էլ ձեռք է բերել մեծ կապեր, որոնք հետագայում զգալի օգուտ բերեցին նրան։ Նա նույնիսկ կարողացել է հասնել Լյուդովիկոս XV–ի արքունիք, որի աղջիկներին սովորեցնում էր տավիղ նվագել։

Երկու շահեկան ամուսնությունները (երկու անգամ էլ նա ամուսնացել է հարուստ այրիների հետ՝ Ֆրանկյոյի և Լևոկի, և երկու անգամ էլ այրիացել է), ինչպես նաև համագործակցությունը բանկիր Դյուվերնեի հետ նրան բավականին մեծ հարստության տեր դարձրեցին։ Առաջին ամուսնությունից հետո Կարոն վերցրեց ավելի ազնվական հնչող «դե Բոմարշե» ազգանունը, որը պատկանում էր կալվածատեր կնոջը։

Առաջին կնոջ մահը տեղիք տվեց սպանության մեջ մեղադրանքների։ Այդ բամբասանքները տասնամյակներ անց արծարծվել են Պուշկինի «Մոցարտ և Սալիերի» փոքրածավալ ողբերգությունում («Արդյոք ճի՞շտ է, Սալիերի // որ Բոմարշեն ինչ–որ մեկին թունավորել է»), և Սալյերիի պատասխանը այս հարցին․ «Նա չափազանց ծիծաղելի էր// այդպիսի գործի համար»,- Պուշկինը մեջբերում է Վոլտերի խոսքերը Բոմարշեի մասին։ Սակայն նման մեղադրանքները չափազանց անհավանական էին, քանի որ իր կնոջ մահը ձեռնտու չէր ապագա դրամատուրգին, որին բաժին էին մնացել մեծ պարտքեր: Նա կարողացավ դրանք վերադարձնել հետագայում իր ընկեր Դյուվերնեի օգնությամբ։

Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան, հունվարի 24, 1924ԶանգակատունԱրարատի մարզ,  — հունիսի 17, 1971Երևան) հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ։ Թաղված է հայրենի տան բակում՝ Զանգակատուն գյուղում։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970): ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967, «Անլռելի զանգակատուն» պոեմի համար): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից:

Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942 թվականից։ Անդրանիկ գրքույկում («Անմահները հրամայում են», 1948) երևան են եկել բանաստեղծական խառնվածքի և մտածողության բնորոշ գծերը՝ քաղաքացիական անհանգստություն, մարդու ներաշխարհի գաղտնիքները ճանաչելու և բանաստեղծական անկաշկանդ կառուցվածքների դիմելու ձգտում։ Այնուհետև լույս են տեսել «Անհաշտ մտերմություն» (1953) պոեմը և «Սիրո ճանապարհը» (1954), «Նորից քեզ հետ» (1957) բանաստեղծությունների ժողովածուները։ Բանաստեղծական նոր որակի սկիզբն են սիրային պոեմները («Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Երգ երգոց») և «Անլռելի զանգակատուն» (1959, վերամշակված հրատարակություն 1966, ՀՍՍՀ պետական մրցանակ՝ 1957) քնարական–փիլիսոփայական պոեմը։ «Անլռելի զանգակատուն»-ը պատկերում է Կոմիտասի ճակատագիրը՝ ծննդյան օրից մինչև Մեծ եղեռնի տպավորություններից խելագարվելը, ապա և մահը՝ «վերադարձը հայրենիք»՝ 1935 թվականին։ Այդ ամենը պոեմում ներկայացվել է հայ ժողովրդի քաղաքական ու սոցիալական կյանքի ընդարձակ ֆոնի վրա, ազգագրական ու բանահյուսական նյութի հարուստ օգտագործումով։ Պոեմը ծավալվում է սիմֆոնիկ ստեղծագործության սկզբունքով, մեծ իրադարձությունները մարմնավորող «համազանգ»-երի և ավելի փոքր անցքերը մարմնավորող «ղողանջ»ների միահյուսումով։ Բարձր պաթոսով է հագեցած պոեմի վերշաբանը, որը խորհրդանշում է հայություն–հայ երգ-Կոմիտաս եռամիասնության հարատևության գաղափարը։ Պոեմն ամբողջությամբ, կառուցվածքի և բանաստեղծական արտահայտչաձևերի ինքնատիպությամբ երևույթ է բազմադարյան հայ պոեմի պատմության մեջ։

Առանձնակի նշանակություն ունեն Սևակի նաև մյուս՝ «Այր մի Մաշտոց անուն» և «Եռաձայն պատարագ» պոեմները, որոնք հատկանշվում են հայրենասիրական–հայասիրական շնչով ու փիլիսոփայական ներսուզումներով․ առաջինում վերաիմաստավորվել է հայ գրերը հայտնագործողի դերը, երկրորդը ձոնվել է Մեծ եղեռնի ապրիլյան զոհերի հիշատակին։

Սևակն իր ստեղծագործությամբ լուծել է նորարարական խնդիրներ՝ հայ բանաստեղծությամբ (Գրիգոր Նարեկացի, Սիամանթո, Եղիշե Չարենց) ավանդված կառուցվածքները համադրելով ամերիկյան (Ու․ Ուիտմեն), եվրոպակամ (Պ․ Էլյուար) և ռուսական (Վ․ Մայակովսկի) բանաստեղծության կառուցվածքների հետ։ Նման համադրության առաջին նշանակալից հայտը «Մարդը ափի մեջ» (1963) ժողովածուն է, որին հատուկ է նախ՝ ժամանակակից մարդու ներաշխարհի գաղտնիքները հետախուզելու–բացահայտելու կիրքը, ապա՝ «ազատ բանաստեղծության» կիրառությունն ու բանաստեղծական ձևերի ճկունությունը։ «Եղիցի լույս» (1971) բանաստեղծությունների և պոեմների ժողովածուով Սևակը բացեց մարդու, անհատի ճանաչման նոր հնարավորություններ, որին նա հասել է իրականության գեղարվեստական ընկալման համադրական–վերլուծական սկզբունքի գործադրումով։ Միաժամանակ, նա բարձր լարվածության է հասցրել իր քննադատական պաթոսը՝ մարդկային ու հասարակական արատների դեմ, հանդես եկել իբրև մարդու կատարելության և աշխարհի ներդաշնակության ջատագով։

Սևակի գրական ժառանգության մի ստվար մասն են նրա գրականագիտական–բանասիրական և գրաքննադատական հետազոտություններն ու հոդվածները Գրիգոր Նարեկացու, Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Նահապետ Քուչակի, Պետրոս Դուրյանի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, ժամանակակից բանաստեղծների, հայոց պատմության և լեզվաոճական ալևայլ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև «Սայաթ-Նովա» (1969) մենագրությունը, որտեղ Սևակը լուծել է բանասիրական մի շարք «առեղծվածներ» և թափանցելով Սայաթ–Նովայի տաղերի էության մեջ` վերհանել նրա ստեղծագործության մի շարք առանձնահատկություններ։

Հայ գեղագիտական մտքի պատմության մեջ, մասնավորապես բանաստեղծական արվեստի տեսական հիմունքների մշակման առումով, ուշագրավ են Սևակի մի շարք հոդվածներ, առաջին հերթին՝ «Հանուն և ընդդեմ ռեալիզմի նախահիմքերի» բանավիճային հոդվածը (Երկ․ ժող․, 1976, հ․ 6)։ Դրանցում հանդես գալով «նաղլա–հեքիաթային», նկարագրական, գետնատարած, պարզունակ բանաստեղծությունների դեմ` Սևակի արդի բանաստեղծության զարգացման ուղին համարում է մարդկային հոգու խորությունները թափանցող («ներանձավային»), «ոգեղինացած շնչի», բազմաձայնական լայն հնարավորություններով և իմացականությամբ հագեցած չափածոն։ Բանաստեղծության տեսության վերաբերյալ Սևակի առաջարկած որոշ ձևակերպումներ մտել են գիտական շրջանառության մեջ։

paruyr-sevak

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։

Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:

Պարզապես մենք էլ պիտի ընդունենք‚

Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք‚

Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚

Երկինքը իր ճիշտ պատճենը հանում:

Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:

Պարզապես Նարեկն այստեղ է գրվել:

Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚

Քարից շինել ձուկ‚ և թռչուն՝ կավից‚

Ուսուցմա՛ն համար և աշակերտե՜լ

Գեղեցկի՛ն‚

Բարո՛ւն‚

Վսեմի՛ն‚

Լավի՜ն…

Պար՝ «Սեբաստիո», «Շորոր»:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: